Սաակաշվիլին Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ է արել
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, գրում է apsny.ge-ն:
Քաղաքական գործչի այս հայտարարությունը հետևել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ 2020թ.-ի համամասնական ընտրակարգով` զրոյական խոչընդոտով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին հայտարարությանը:
Սաակաշվիլին այդ առաջարկը «հիմար» է անվանել և ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն այդ առաջարկին, «կա՛մ հիմար են, կա՛մ ծախված»:
«Իվանիշվիլին մտադիր է մասնատել ընդդիմադիր կուսակցությունների միասնականությունը և փոքր կուսակցություններ գնել՝ դրանով իսկ ամբողջ Վրաստանը գրպանը դնելով»,- ասել է Սաակաշվիլին:
Երկրի նախկին ղեկավարի կարծիքով՝ Թբիլիսիում ընթացող ցույցերի մասնակիցները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններից բացի պահանջեն փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամարա Ժվանիային:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ակցիաները Թբիլիսիում սկսվել էին հունիսի 20-ին՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: