Պատմության մեջ մնալու է որպես այսօրվա իշխանությունների խայտառակություն. Ռոբերտ Քոչարյան
Այն ժամանակ էլ շատ ակտիվ հնչեցվող հարցերից էր՝ բռնենք, պատերին ծեփենք, ասֆալտին փռենք: Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու քաղաքական գնահատական չտվեց առաջին նախագահի իշխանությանը:
«Այդպիսի ցանկություններ եղել են շատ-շատերի մոտ, չեմ արել մեկ պատճառով՝ պետք էր երկրի առջև կանգնած հրատապ խնդիրների լուծով զբաղվես, այլ ոչ թե գնաս դեպի անցյալ:
Համոզված եմ եղել ու համոզված եմ, որ այն հաջողությունները, որոնք գրանցել ենք հատկապես տնտեսական ոլորտում, երբեք չէինք ունենա, եթե սկսեինք զբաղվել անցյալով: Եվրոպական միջին քաղաքի բյուջե էր մեր երկրի բյուջեն, և այս դեպքում պետք է քո եռանդը ոչ թե ուղղես անցյալի դեմ պայքարելուն, այլ պետք է ուղղես երկիր կառուցելուն»,- ասաց նա:
Քոչարյանը վստահեցրեց՝ չի փոշմանել, որ այդպես է վարվել:
Դիտարկմանը՝ գուցե հիմա այս կարգավիճակում չլիներ, եթե այդպես չվարվեր, նա պատասխանեց. «Միևնույն է՝ չեմ փոշմանում, որովհետև պատմության մեջ մնալու է ոչ թե այն, ինչ կատարվում է ինձ հետ, այլ դա մնալու է որպես այսօրվա իշխանությունների խայտառակությունը, պատմության մեջ մնալու է հետևյալը՝ ինչ վիճակում եմ ընդունել ես երկիրը և ինչ վիճակում եմ հանձնել»:
Նա ասաց, որ ընդունել է Հայաստանը մի վիճակում, երբ Երևանում կար ընդամենը 3 լուսավորված փողոց, ամբողջ Երևանում աշխատում էր երկու ռեստորան, բենզինը վաճառում էին «կանեստրներով» փողոցներում:
«Կարծում եմ՝ մարդիկ սա լավ են հիշում: Ինչպե՞ս եմ հանձնել երկիրը, բոլորդ տեսել եք՝ Հյուսիսային պողոտայով, հարյուրավոր դպրոցներ, հարյուրավոր կիլոմետր ճանապարհներր կառուցելով, բազմաթիվ այլ հարցերով: Պատմության մեջ սա է մնալու»,- ասաց նա: