«Մեր բոլոր պահանջները պետք է բավարարվեն». չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Թբիլիսիում ցույցերը կշարունակվեն
Այսօր երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի փողոցում ցուցարարները կրկին կհավաքվեն խորհրդարանի շենքի առաջ՝ չնայած ստեղծված եղանակային անբարենպաստ պայմաններին, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Ցույցի մասնակիցներին Գիգա Մակարիշվիլին հայտարարել է, որ ցուցարարների բոլոր պահանջները պետք է բավարարվեն: Հավաքի կազմակերպիչների խոսքով՝ իրենց հիմնական պահանջն անփոփոխ է մնում, այն է՝ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: Նրանք պնդում են, որ նախարարը պատասխանատվություն է կրում հունիսի 20-ի արյունալի դեպքերի համար:
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրը շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները Թբիլիսիում սկսվել էին հունիսի 20-ին՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 200 տուժածի մասին, մի քանի մարդ զրկվել է աչքից: