«Էրդողանի համար սկսված անկումն ավելի է խորանալու». The Guardian-ի անդրադարձը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններին
Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակին՝ նկատելով, որ դա շատ լուրջ հարված էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն պարտվել է:
Հոդվածագիր Բեթան ՄքՔերնանը գրում է, որ Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը չափազանց նշանակալի իրադարձություն է մի երկրում, որտեղ ժողովրդավարությունն անկում է արձանագրում:
Հայտնի է, որ Իմամօղլուն հաղթել էր մարտի 31-ին կայացած ընտրություններում, ինչից հետո իշխանությունները պահանջել էին անվավեր ճանաչել արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել՝ հույս ունենալով, որ Էրդողանի աջակցությունը վայելող թեկնածուն՝ Բինալի Յըլդըրըմը, կկարողանա հաղթել:
«Փաստացի կրկնակի ընտրությունների նպատակն Իմամօղլուի անակնկալ հաղթանակը չեղարկելն էր: Դա աննախադեպ թեստ էր թե՛ Թուրքիայի անկայուն ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ Էրդողանի քաղաքական ապագայի համար... Այս պարտությունը, ըստ ամենայնի, կոալիցիոն կառավարության ներսում իշխանության շուրջ նոր լարված պայքարի հիմք կդնի»,- գրում է հեղինակը:
Հատկանշական է, որ եթե մարտի 31-ին կայացած ընտրություններում Իմամօղլուի և Յըլդըրըմի հավաքած ձայների տարբերությունն ընդամենը 13 000 էր, ապա այս անգամ ընդդիմադիր թեկնածուն 777 000-ով ավելի քվե է ստացել:
«Սա մարդկանց նոր հույս տվեց»,-նշել է Իմամօղլուի հաղթանակը փողոցում նշող ստամբուլցի Սեմրա Դենիզը:
Այնուհետև հեղինակը մեջբերում է թուրք-ամերիկյան քաղաքական հարցերով փորձագետ Սոներ Չաղափթայի տեսակետը, ըստ որի՝ կրկնակի ընտրություն անցկացնելու վերաբերյալ «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշումը շատ մեծ մարտավարական սխալ էր:
«Ամբողջ քարոզարշավը նման էր խառնաշփոթի: Տևական ժամանակի ընթացքում առաջին անգամ իշխանությունները հայտնվել էին ընդդիմության հետևում: Այս ամենից հետո Էրդողանը պետք է լուրջ «մաքրություն» անի իր կառավարությունում և փոխի վարած քաղաքականությունը՝ հասկանալով, որ սկսված անկումն ավելի է խորանալու»,-նշել է փորձագետը:
ՄքՔերնանը գրում է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում երկրորդ պարտությունը կրելն աներևակայելի արդյունք է իշխող կուսակցության համար, որը վերջին 16 տարում իշխել է Թուրքիայի խոշորագույն քաղաքում և տնտեսական կենտրոնում:
«Այնուհանդերձ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեռևս իր վերահսկողության տակ է պահում Ստամբուլի 39 շրջաններից 25-ը և մեծամասնություն է կազմում քաղաքային ժողովում, ինչը նշանակում է, որ Իմամօղլուի համար չափազանց դժվար է լինելու նախընտրական խոստումները կյանքի կոչելը: Միևնույն ժամանակ նրա հաղթանակը վկայում է, որ կուսակցության 16-ամյա իշխանությունից հետո, Ստամբուլում փոփոխությունների մեծ ախորժակ կա»,-եզրափակում է հեղինակը: