Ռուսական Red Wings-ն առաջարկում է ուղևորներին դեպի Վրաստան տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերով
Ռուսական Red Wings ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին դեպի Վրաստան տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերով, հայտնում է ria.ru-ն՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով:
Red Wings-ը հունիսի 21-ին հայտնել էր, որ փակում է հուլիսի 8-ից սկսած ամսաթվով դեպի Վրաստան տոմսերի վաճառքը: Բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսերի ամբողջական արժեքը:
Ավիաընկերությունն առաջարկում է որպես այլընտրանքային տարբերակ առանց որևէ հավելավճարի փոխարինել Բաթում կամ Քութաիս սկզբնակետով կամ վերջնակետով երթուղիները դեպի Երևան կամ Մախաչկալա երթուղիներով:
Իսկ մինչև հուլիսի 7-ը ներառյալ ավիաընկերության չվերթները կիրականացվեն ըստ ժամանակացույցի:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։
Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է մի քանի տասնյակ տուժածի մասին: