Մակրոնը ցանկանում է «վաճառել» Ֆրանսիայի օդանավակայանները. ընդդիմությունը պահանջում է այս հարցով հանրաքվե անցկացնել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վերջին տասնամյակի ընթացքում Ֆրանսիայում սեփականաշնորհումների խոշորագույն գործողությունն իրականացնել, սակայն երկրի ընդդիմությունը դեմ է և պահանջում է այս հարցով հանրաքվե անցկացնել:
Ինչպես նշում է The Guardian-ը, Մակրոնը, մասնավորապես, ցանկանում է վաճառել երկրի խոշորագույն երկու օդանավակայանների՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Բացի այդ, նախագահը մտադիր է վաճառել տնտեսական նշանակություն ունեցող այլ ենթակառուցվածքներում պետությանը պատկանող բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները: Եթե նրա ծրագիրն իրականացվի, ապա դա կլինի Ֆրանսիայի պատմության մեջ սեփականաշնորհման խոշորագույն գործողություններից:
Նշվում է, որ օդանավակայանների սեփականաշնորհումը նախագահի՝ ֆրանսիական տնտեսության արդիականացման ծրագրի առանցքային բաղկացուցիչն է:
Ենթադրվում է, որ օդանավակայանների բաժնետոմսերի փաթեթի վաճառքից կստացվի մոտ 7 մլրդ եվրո, ինչը կներդրվի ստարտափային ընկերությունների և տեխնոլոգիաների զարգացման մեջ, ինչպես նաև կուղղղվի պետական պարտքի մի մասի մարմանը:
Սակայն Ֆրանսիայի ընդդիմությունը Մակրոնին մեղադրում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետական ենթակառուցվածքը ձեռքից բաց թողնելու համար: Նրանց առանձնապես հուզում է օդանավակայանների հարցը: Եթե ընդդիմությանը հաջողվի 4,7 մլն մարդու ստորագրություն հավաքել, ապա հաջորդ ինն ամսվա ընթացքում օդանավակայանների սեփականաշնորհման հարցով համազգային հանրաքվե կանցկացվի: