Պրահայում հարյուր հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետի հրաժարականը
Պրահայում հարյուր հազարավոր ցուցարարներ փողոցներ են դուրս եկել՝ պահանջելով Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը:
Կազմակերպիչներն ասում են, որ Լետնա այգում հունիսի 23-ին տեղի ունեցած հանրահավաքին մոտ 250 հազար մարդ է մասնակցել, ինչը 1989 թվականից ի վեր ամենամարդաշատ ցույցն է եղել։
Ցուցարարների ձեռքերում պաստառներ էին «հրաժարական», «մենք չենք հրաժարվի ժողովրդավարությունից» գրություններով։ Մյուս մասնակիցները թափահարում էին Չեխիայի և Եվրամիության դրոշները։
Հանրահավաքը վերջին շաբաթների մի շարք ցույցերի գագաթնակետն էր 64-ամյա միլիարդատեր Բաբիշի դեմ, ով մեղադրվում է խարդախության և շահերի բախման մեջ: