«Սա պատահականություն է, թե դիտավորություն». Ֆիզմաթ դպրոցի դիմորդ աշակերտների ծնողների բաց նամակը նախարարին
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդ աշակերտների ծնողները բաց նամակով դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
Նամակում, մասնավրապես, ասվում է.
«Պատահականություն, թե դիտավորություն.
Հարգելի պրն. Հարությունյան,
Հունիսի 22-ին Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (Ֆիզմաթ դպրոց) տեղի է ունեցել 8-րդ դասարանի ընդունելության քննության առաջին փուլը:
16-րդ առաջադրանքի մեջ թույլ է տրվել սխալ, որն ուղղվել է միայն քննության ավարտից 10 րոպե առաջ: Աշակերտներից շատերը չեն հասցրել կողմնորոշվել եւ արդյունքում մեկական միավոր են կորցրել:
Քննության արդյունքները հայտարարելուց հետո պարզ է դարձել, որ 2-րդ տարբերակի աշակերտների գնահատականներին ավելացել են 1-ական միավոր, սակայն առաջին տարբերակի աշակերտների գնահատականներին այդ միավորը չեն ավելացրել:
Արդյոք սա միտումնավո՞ր է արվել, որ երեխաները դուրս մնան դպրոցից, քանի որ, ինչպես գիտեք, Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը):
Ի դեպ, նույն պատկերն է եղել նաեւ հունիսի 21-ին տեղի ունեցած յոթերորդ դասարանի ընդունելության քննության ընթացքում:
Խնդրում ենք Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը վերականգնել եւ հնարավորություն ընձեռել ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում»: