Նոր Հրվ. Ուելսում վիրաբույժները հեռացրել են քաղցկեղով հիվանդի սխալ օրգանը. հայազգի վարչապետը կատարվածը «սարսափելի սխալ» է որակել
Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի մասնավոր հիվանդանոցներից մեկում տեղի է ունեցել սկանդալային դեպք, երբ բժիշկները հեռացրել են հիվանդի՝ քաղցկեղով ախտահարված աղիների սխալ հատվածը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, դեպքը տեղի է ունեցել Սիդնեյում: Իրենց սխալը գիտակցելուց հետո բժիշկները կրկնակի վիրահատություն են անցկացրել ու հեռացրել աղիների ախտահարված հատվածը:
Ներկայում իշխանությունները փորձում են պարզել՝ որն է նման «սարսափելի սխալմունքի» պատճառը:
Նշվում է, որ հիվանդանոցը ստանձնել է հիվանդի բուժման հետ կապված հետագա բոլոր ծախսերը:
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ խիստ մտահոգված է այս միջադեպով, որը, ըստ նրա, «ուղղակի սարսափելի սխալմունք է»:
«Մենք պետք է պարզենք՝ ո՞րն է եղել սխալի պատճառը, և դրանից հետո այնպես անենք, որ ապագայում նման բան այլևս չկրկնվի: Այժմ առաջնային է հիվանդին լավագույն բուժում տալը»,-ասել է հայազգի վարչապետը: