Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ս. Պատարագի արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, այս օրերին Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայ Եկեղեցու բարերարներ, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ:
Ս. Պատարագի ընթացքում «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Սուրբ Խորան բարձրացվեց և Մուշեղ Սրբազանի կողմից ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգությանն ու բարեզարդ պահպանությանն ի նպաստ կազմակերպվող համազգային հանգանակության առիթով: