«Աերոֆլոտ»-ը սկսել է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից դուրս բերելու գործընթացը
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 8-ից ուժի մեջ մտնող դեպի Վրաստան թռիչքների արգելքի հրամանագրի առնչությամբ սկսել է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից դուրս բերելու գործընթացը, հայտնում է Sputnik Georgia-ն։
Ավիաընկերությունը մտադիր է նաև վերադարձնել հուլիսի 8-ից հետո ամսաթվով դեպի Վրաստան վաճառված տոմսերի գումարները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:
«Արգելքը չեղյալ կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանում իրավիճակը կարգավորվի և մեր քաղաքացիների անվտանգությանն այլևս ոչ մի վտանգ չսպառնա»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ, Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների՝ այժմ Վրաստանում է գտնվում զբոսաշրջային գործակալությունների միջոցով ՌԴ-ից մեկնած 5-7 հազար զբոսաշրջիկ։ Ինքնուրույն մեկնած քաղաքացիների թիվը երկու-երեք անգամ ավելի է։