Այսքան տարի տևող ստատուս-քվոն դառնում է ԼՂ հակամարտության լուծում. Պավել Բաև
Ադրբեջանի համար ղարաբաղյան բանակցային պրոցեսում Արցախի պատվիրակության ինքնուրույն մասնակցությունն ընդունելի չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Պավել Բաևը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո հնարավոր առաջընթացի մասին:
Բաևն ասաց, որ դժվար թե պաշտոնական Բաքուն փոխի իր դիրքորոշումը, որովհետև դա սկզբունքային հարց է Ադրբեջանի համար:
«Երբ խոսվում է Ղարաբաղի մասնակցության մասին, Ադրբեջանում ասում են, թե ուրեմն պետք է մասնակցի նաև Արցախի ադրբեջանական համայնքը: Կարծում եմ, որ նման կոմպրոմիսը հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ կարելի է փնտրել փոխզիջումներ, որովհետև հակամարտությունն անմիջապես այս մարդկանց է վերաբերում»,- ասաց Պավել Բաևը:
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ադրբեջանական համայնքը իր ձայնը տվել է Ալիևին, ուստի ինքը ներկայացնում է նաև նրանց, իսկ Ղարաբաղում ապրող բնակչությունն իրեն ձայն չի տվել, ինքը չի կարող բանակցել նրանց փոխարեն, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ Ալիևի համար քիչ հետաքրքիր է ադրբեջանական այդ համայնքի մասնակցությունը: Նա ուզում է վերահսկել պրոցեսը: Բացի այդ, Բաքուն տանում է այն գիծը, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է»:
Պավել Բաևն ասաց, որ ժամանակը աշխատում է նրա օգտին, որ ներկայիս իրավիճակն, ըստ էության, կարելի է համարել որպես հակամարտության լուծում: «Այսքան տարի տևող ստատուս-քվոն դառնում է հակամարտության լուծում: Ընդունում է սա միջազգային հանրությունը, թե ոչ, իրավիճակը դառնում է լուծում»,-ասաց նա:
Բաևը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ճեղքում չկա ու առաջիկայում դժվար էլ լինի: