ՍԴ–ի կողմից վարույթ ընդունված դիմումներից մեկը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցին
Սահմանադրական դատարանի կողմից այսօր՝ հունիսի 21–ին վարույթ ընդունված Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկը վերաբերվում է երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցին։ Խոսքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին է։ NEWS.am–ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ՀՀ որևէ դատական ատյան մինչև օրս չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը հաղթարվա՞ծ է, թե ՝ ոչ։
«Քրեական դատավարության օրենսգրքի 35–րդ հոդվածում, որում սահմանված է, թե որ դեպքում գործը չի կարող քննվել, բացակայում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի հետ կապված դրույթը, հենց սրա որոշակիության հետ կապված հարցը պետք է ՍԴ–ն լուծի»,–ասաց նա։
Նշենք, որ 2018 թ. նոյեմբերի 15–ին Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը Քոչարյանի խափանման միջոցի գործով հատուկ կարծիք էր հայտնել հենց անձեռնմխելիության հարցի սահմանադրականության հետ կապված:
ՍԴ–ի կողմից վարույթ ընդունված մյուս դիմումն էլ վերաբերվում է Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) Սահմանադրությանը համապատասխանության հարցին։
ՍԴ–ն մերժել էր վարույթ ընդունել Քոչարյանի այն դիմումը, որը վերաբերում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածին (նախկին խմբագրությամբ), այն է՝ պետական իշխանությունը յուրացնելը։
Արամ Օրբելյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ գնահատել է, որ 300–րդ հոդվածը (նախկին խմբագրությամբ) Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել։
Նշենք, որ շուրջ մեկ տարի է՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձրաձայնում են, որ երկրորդ նախագահին և մյուսներին առաջադրված է եղել մի հոդված, որը 2008թ. գոյություն չի ունեցել։
Մասնավորապես 2008թ. մարտյան իրադարձություների ժամանակ ՀՀ քրեական օրենսգիրքը 300.1 հոդվածով լրացված չի եղել, և գործել է 300 հոդվածը՝ իշխանությունը յուրացնելը, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, իսկ Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը լրացվել և դարձել է 300.1 2009թ. մարտին։
300.1 հոդվածը 2008թ. դեպքերից հետո առաջադրվել էր այն ժամանակվա ընդդիմության առաջնորդների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Գրիգր Ոսկերչյանի, Հակոբ Հակոբյանի, Սուրեն Սիրունյանիի, Շանթ Հարությունյանի նկատմամբ, սակայն միջազգային ճնշումներից հետո դատախազությունը այդ հոդվածով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և քրեական գործն այդ հոդվածի մասով կարճել։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 21–ին իր աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է միայն Քոչարյանի անհատական դիմումներին։ Իսկ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը ՍԴ–ն մեկ ամսով երկարաձգել էր 10 օր առաջ։