Lufthansa-ն եւ KLM-ն դադարեցրել են թռիչքները Օմանի ծոցի եւ Հորմուզի նեղուցի վրայով
Գերմանական Lufthansa եւ հոլանդական KLM ավիաընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են թռիչքները Օմանի ծոցի եւ Հորմուզի նեղուցի վրայով։ Այս որոշումը հաջորդել է Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարք խփելուց հետո, տեղեկացնում է AP-ը։
Ընդ որում՝ Գերմանիայի ամենախոշոր ավիաընկերությունը հայտարարում է, որ իր չվերթերը Թեհրան կշարունակվեն։ Lufthansa-ն հայտարարել է, որ որոշումը հիմնված է իրավիճակի սեփական գնահատման վրա։
KLM ավիաընկերությունը հայտարարել է, որ «անօդաչուի հետ կապված միջադեպը պատճառ է, որպեսզի այս պահին թռիչքներ չկատարվեն Հորմուզի նեղուցի վրայով»։ Համաձայն ընկերության հայտարարության՝ այդ քայլը «նախազգուշական քայլ է»։
ԱՄԷ Etihad ավիաընկերությունը հայտարարել է, որ «գործողությունների պլաններ ունի արտակարգ իրավիճակների համար»։ «Etihad Airways-ը ուշադիր հետեւում է ընթացիկ իրավիճակին։ Գործողությունների պլանները արտակարգ իրավիճակներում արդեն մշակված են, եւ մենք կորոշենք, թե ինչ հետագա գործողություններ են անհրաժեշտ ԱՄՆ ավիափոխադրողների համար FAA դիրեկտիվի գնահատականից հետո»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) արգելել էր ԱՄՆ-ում գրանցված ինքնաթիռներին թռչել Իրանի հսկողության տակ գտնվող տարածքով Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում անօդաչուի վրա հարձակումից հետո։