Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահի հետ քննարկել է Արցախի շուրջ վերջին զարգացումները
Հունիսի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Կարոլ Բյուրո Բոնարին (Carole Bureau-Bonnard):
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք կարեւորվեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական երկխոսությանը, երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանական համագործակցությանը:
Դեսպանը կարեւորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների դերը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր Ֆրանսիայի ազգային օրացույցում ամրագրելը:
Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին: