Ադրբեջանը կարո՞ղ է մտնել ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համակարգի մեջ․ հարց Վանեցյանին
ԱԱԾ պետն այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց ՀԱՊԿ կազմում տեղեկատվական անվտանգության համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Սակայն ԱԺ քննարկումը գնաց այլ ուղղությամբ, և պատգամավորները Արթուր Վանեցյանին հարցեր տվեցին այն մասին, թե կարո՞ղ է ՀԱՊԿ պետություններից որևէ մեկը այդ համակարգի ինֆորմացիան փոխանցել Ադրբեջանին։
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ որոշ պետություններ նաև այլ կազմակերպությունների անդամ են, կարո՞ղ են ՀԱՊԿ համակարգում եղած ինֆորմացիան նրանք փոխանցել այլ պետությունների, օրինակ` Ադրբեջանին։ Վանեցյանը ասաց, որ նման թույլտվություն չկա, սակայն իրենք կաշխատեն նաև այն ուղղությամբ, որ «լուռ փոխանցումներ» էլ չլինեն։
«Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ խոսեց որոշ պետությունների կողմից Ադրբեջանին այդ համակարգի ներքին տեղեկատվությունը փոխանցելու հնարավորության մասին։ Վանեցյանը ասաց, որ այդ համակարգը գործելու է ՀԱՊԿ անունից և ինտեգրված չի լինելու Հայաստանի նմանատիպ համակարգի հետ։ Այսինքն` եթե ինֆորմացիա փոխանցվի, դա լինելու է ՀԱՊԿ ընդհանուրը, ոչ թե Հայաստանի մասնավորը։
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին էլ պատասխանելիս Վանեցյանն ասաց, որ առհասարակ Հայաստանում է որոշվելու՝ որ տեղեկատվությունը պետք է տրամադրել երկրորդ կամ երրորդ կողմին, թե ոչ։ Հետևաբար, ՀԱՊԿ համակարգում կարելի է բացառել այնպիսի տեղեկությունների տրամադրումը, որ սպառնում են Հայաստանի անվտանգությանը։