Այսօր ՀՀ կառավարությունը փողի պրոբլեմ չունի. Նիկոլ Փաշինյան
Կառավարության ամենախոշոր մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումն է: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ նախորդ տարվա դեպքում դա ունի բացատրություն, քանի որ նաև կոռուպցիայի դեմ պայքարի այս մթնոլորտը շատ նախագծեր դրել է կասկածի տակ., որովհետև շատ նախագծերի հետ կապված քրգործեր են հարուցվել, բացահայտումներ են արվել:
Վարչապետը, սակայն, նշեց՝ պետբյուջեի ծախսային մասի թերակատարման խնդիր կա նաև այս տարի:
«Ի միջի այլոց, դրա մասին շատ եմ ասում, այսօր ՀՀ կառավարությունը ոչ միայն փողի պրոբլեմ չունի, այլև ունի այդ փողն արդյունավետ ծախսելու պրոբլեմ, բայց սա միայն կառավարության խնդիրը չէ: Այդ ծախսերը կառավարությունը չի իրականացնում, ընդամենը հաստատում է ծրագրերը: Ես նկատի ունեի կապիտալ ծախսերի մասը: Կարևոր է, որ այդ գումարները ներդրվեն կապիտալ ծախսերի հատվածում, որպեսզի տնտեսական ակտիվությունը խթանվի և տնտեսական աճ ու ՀՆԱ իրական աճ տեղի ունենա: Այսօր մենք բազմաթիվ պրոբլեմներ ունենք՝ շինարարական կազմակերպություններ կան, որ 20 տարի Հայաստանում աշխատել են այլ մեխանիզմներով՝ ատկատներով, անորակ գործեր տալով, կարելի է այս փուլը համարել այդպիսի ընկերությունների դեմ պայքարի փուլ»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց՝ Հայաստանում չկան հզոր ընկերություններ, որ կարողանան իրականացնել իրոք մասշտաբային կապիտալ ծախսեր, ասաց՝ առաջիկայում հույս ունեն, որ այդ ընկերությունները կհայտնվեն, հակառակ դեպքում կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդելով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը: