Եւս մեկ կենսագրություն չունեցող եւ բանակում չծառայած նախարար
Այնպիսի տպավորություն է, կարծես մի անտեսանելի ձեռք որոշել է ծաղրել մեր պետությունը, մեր պետականությունը: Արցախի խնդիր ունեցող, Ադրբեջան եւ Թուրքիա հարեւաններ ունեցող երկրում նախարարներ, այլ պաշտոններ են ստանում զինված ուժերում չծառայածները, ինչպես նաեւ կենսագրություն չունեցողները:
Ի՞նչ արտակարգ ունակությունների տեր պետք է լինի 28-ամյա, բանակում չծառայած, քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող տղան, որ նշանակվի արդարադատության նախարար: Նայում ենք կենսագրական տվյալներին եւ հասկանում՝ ոչ մի:
Չանցնելով քաղաքական ճանապարհ, չունենալով անգամ փաստաբանական գործունեության անցած ճանապարհ, չղեկավարելով որեւէ կառույց նա նշանակվում է նախարար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եւ ի՞նչ անելու համար:
Վիրավորական է շատերի համար այս նշանակումը, բայց առաջին հերթին հերթական հարվածն է մեր պետությանը: Եւ ամենավատն այն է, որ գրեթե որեւէ մեկը չի բարձրաձայնում, որ այս տղան զինված ուժերում չի ծառայել:
Ի՞նչն է խրախուսում պետությունը, ի՞նչ մեսիջ է հղում ՀՀ քաղաքացիներին. մի ծառայեք բանակում, խուսափեք զինված ուժերում հայտնվելուց, եղեք կարիերիստ եւ վերջ:
Մի՞թե հեղափոխությունը հենց սրա համար էր, մի՞թե հարյուր հազարավորները փողոց դուրս եկան, որ կենսագրություն չունեցողները ղեկավարեն մեր երկիրը: Եւ ամենակարեւոր հարցը՝ ի՞նչ է պարտավորվել անել Ռուստամ Բադասյանը, որ չէր անի Արտակ Զեյնալյանը կամ այլոք, որոնք այդպես էլ նախարար չդարձան, թեեւ կային բազմաթիվ արժանավոր մարդիկ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am