Արթուր Դավթյանի ընտրությունը
ՀՀ գլխավոր դատախազին այսօր ֆեյսբուքում սիրո խոստովանություն են անում նրանք, ովքեր գրեթե մեկ տարի առաջ նրան ատում էին: Գրեթե մեկ տարի առաջ Արթուր Դավթյանը պատրաստվում էր ձերբակալել, կալանավորել Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր տենչում է կրկին կալանավորված տեսնել Ռոբերտ Քոչարյանին:
Արթուր Դավթյանն ինքն է ընտրել իր ճանապարհը: հանուն մի քանի ամիս ավելի պաշտոնավարելու նա անում է քայլեր, որը հաստատ չպետք է անի, ասում է այն, ինչ չպետք է ասի: Նա անգամ հասել է այնտեղ, որ ապօրինություն չանելու կոչը մեկնաբանում է որպես սպառնալիք:
Կարեւորը այսօր որոշ ակտիվիստներ ֆեյսբուքում նրան սիրո խոստովանություններ են անում, իսկ թե մեկ կամ երկու ամիս ինչ է լինելու, Դավթյանը չի էլ մտածում կամ չի ուզում մտածել: Իսկ եթե մի փոքր մտորի, ապա կհասկանա, որ հեղափոխական օրենքներով, շուտով, երբ կյանքի կոչվի «չիստկան» կամ այլ կերպ ասած վեթինգը, առաջիններից մեկը քննվելու է հենց ինքը: Այսպես է պահանջում ժանրի կանոնը: Ընդ որում, այդ կանոնի համաձայն նա վեթինգը չի անցնելու, տապալվելու է:
Եւ այսօր նրանք, ովքեր Արթուր Դավթյանին կոչ են անում հեռու մնալ հանուն պաշտոնում մնալու համար արվող անհասկանալի քայլերից, նրանք էլ ամեն ինչ անելու են, որ Արթուր Դավթյանը ապօրինաբար, օրենքը շրջանցելով չհետապնդվի, այլ միայն օրենքի սահմաններում: Սա բխում է Հայաստանի պետության շահերից:
Դավթյանը դերակատարում ունի: Կատարի այդ դերը, թե չկատարի, միեւնույնն է, հեղափոխական խորհուրդը նրա վերաբերյալ արդեն որոշում ունի: Ցավալի է միայն, որ նա դա չի գիտակցում, այնպես, ինչպես Մոուրինիոն համառորեն չէր ցանկանում հաշտվել իր հերթական պաշտոնանկության լուրերի հետ:
Ֆուտբոլում պաշտոնանկությունը վտանգավոր է, իսկ ահա դատախազական համակարգում, այն էլ Հայաստանում, այն էլ նման անխոնջ ծառայությունից հետո չափազանց վտանգավոր է, բայց Արթուր Դավթյանը կարող է վստահ լինել, երբ հեղափոխական իշխանությունները նրան դատեն, առաջադեմ զանգվածը ամեն ինչ կանի, որ նա դատվի օրենքի տարրին համապատասխան:
Վարդան Մխիթարյան
Top-News.am