Տնտեսական հեղափոխություն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների կյանքում տեղի չի ունեցել. Մանե Թանդիլյան
Ռեֆորմների այսօրվա տեմպերն ընդունելի չեն. ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նա նկատեց, որ իհարկե հեղափոխական Հայաստանի իրավիճակը պետք է ունենար իր ազդեցությունը բյուջեի կատարողականի վրա և ունեցել է, իրենք էլ այդ գիտակցումով են հնչեցնում գնահատականներ։
Մանե Թանդիլյանը նշեց, որ 2018-ին բյուջեի մուտքերը կազմել են 1 տրիլիոն 341 մլրդ դրամ, որից 93,7%-ն են կազմել հարկերի և պարտադիր այլ վճարներից մուտքերը, ինչն էլ նշանակում է, որ եղել է լոկալ բնույթի հավաքագրում։
«Այսինքն՝ չվճարված հարկերն էին, իսկ ահա ստվերային տնտեսության կրճատման մասով ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կազմել է 21%՝ բարելավելով ընդամենը մեկ տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Բազմաթիվ անգամ հնչել է, որ 40% է հարկեր-ՀՆԱ պոտենցիալը, բայց փաստացի արձանագրում ենք, որ 40%-ով դեռևս ստվերային տնտեսության դեմ պայքարի անարդյունավետության արձանագրում կա: Սա այն դեպքում, երբ բոլոր ամբիոններից ՊԵԿ-ը բարձրաձայնում է, որ կազմակերպված պայքար է մղում ստվերային տնտեսության դեմ»,-ասաց նա և նշեց, որ նաև արձանագրում են՝ ՀԴՄ կտրոնի ձեռքբերմանն ուղղված գործիքակազմը բավարար գործոն չէ։
ԼՀԿ-ական պատգամավորը նշեց, որ թերակատարումներ են եղել նաև պետական դրամաշնորհների հատվածում. արձանագրվել է 70% թերակատարում։ «Փաստն այնքան մտահոգիչ չէ, որքան դրդապատճառը, որովհետև պետական դրամաշնորհները հատկացվում են բյուջեին այն պարագայում, երբ կատարվում են նախանշած ծագրերը: Ըստ էության, ծրագրերի կատարման առումով ունենք լրջագույն բաց, այսինքն՝ դրանք չենք կատարել»,-ասաց նա։
Թանդիլյանը շարունակեց, որ ՀՆԱ-ի բոլոր ճյուղերում իրականում նվազման միտում ունեն։
Նշեց, որ չի կարծում, թե նախանշված 4,5%-ի փոխարեն ՀՆԱ-ի 5,2%-ն այն աճն է, որ մեր տնտեսությունը կարող է իրացնել։ «Քաղաքական իրավիճակը, որում իրականացվել է նաև այս բյուջեն, արձանագրել է աճ, թերակատարելով կապիտալ հատվածը։ 5,2%-ը ցույց է տալիս, որ, ըստ էության, ոչինչ չանելով և կապիտալ ծախսումները չանելով՝ ինքնաշխատ կերպով այդ աճն ապահովվել է»,-ասաց նա և հավելեց, որ նախորդ կառավարության թիրախը բավական պահպանողական էր։
Կապիտալ ծախսումների թերակատարումների մասն, ըստ Թանդիլյանի, ամենաբացասականն է բյուջեի կատարման մասով։ «Միտումը անհանգստացնում է, պատշաճ ուշադրություն կառավարությունը չի դարձնում, գումարներ ենք հանել տնտեսությունից ու չենք իրացնում»,-ասաց նա։
Վերջում պատգամավորը հարց առաջադրեց, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացին տնտեսապես լավ ապրեց նախորդ տարում, և ինքն էլ պատասխանեց․ «Կուզենային արձանագրել, որ այո՛, բայց իրական աշխատավարձի աճը՝ 1,5%, իսկ գնաճը՝ 1,8%, գալիս են ապացուցելու, որ ոչ, տնտեսական հեղափոխություն մեր քաղաքացիների կյանքում, այնուամենայնիվ, տեղի չի ունեցել»: Նա եզրափակեց՝ քաղաքական առումով տեղի է ունեցել այդ փոփոխությունը, և պետք է քաղաքական կապիտալը վերածվի տնտեսական բարեկեցության։