Փրկարարներն ազատել են գլուխը դույլի մեջ արգելափակված արջին (տեսանյութ)
Չինաստանի գյուղերից մեկում շինարարական աշխատանքների վայրից ոչ հեռու բանվորներն արջի են նկատել, որը մի քանի ժամ շրջել է տարածքում՝ գլուխը դույլի մեջ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կենդանին, հավանաբար, գորշ արջ է կամ գորշ արջի որևէ ենթատեսակ: Այն ենթադրաբար գլուխը մտցրել է դեղին դույլի մեջ՝ ուտելիք որոնելու, իսկ հետո չի կարողացել ազատվել դրանից:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 14-ին: Ականատեսները փրկարարների են կանչել, որոնք ազատել են կենդանուն: Տեսանյութում երևում է՝ ինչպես են փրկարարները պարանով օգնում կենդանուն բարձրանալ գետի ափից:
Արջը, որը հազիվ 2 տարեկան է, թաթերի շրջանում թեթև վնասվածքներ է ստացել: Իշխանությունների խոսքով՝ կենդանին վայրի բնություն է վերադարձվել:
Հայտնի է, որ Չինաստանի մայրցամաքային հատվածում գորշ արջերը երկրորդ կարգի պաշտպանված կենդանատեսակ են համարվում, նրանց որսն ու մարմնի մասերի վաճառքն արգելված են: