30 մլրդ դոլար. Huawei-ը հաշվել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով կրած վնասները
Չինական Huawei ընկերության հասույթն առաջիկա 2 տարում կկրճատվի 30 մլրդ դոլարով՝ ընկերությունը «սև ցուցակում» ներառելու ԱՄՆ իշխանությունների պատճառով: Այդ մասին երկուշաբթի Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության եթերում հայտարարել է Huawei-ի հիմնադիր Ժեն Չժենֆեյը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես ենթադրում եմ, որ առաջիկա երկու տարում մենք կկրճատենք մեր արտադրությունը, և մեր հասույթը 30 մլրդ դոլարով պակաս կլինի, քան կանխատեսվել էր ավելի վաղ»,- ասել է նա:
Huawei-ը հիմնադրվել է 1987 թվականին: Այն արտադրում է հեռահաղորդակցային սարքեր, ինչպես նաև սմարթֆոններ: Ընկերության ապրանքներն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 170 երկրներում: Huawei-ը միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Ավստրալիան նրան մեղադրել են իրենց սարքերի միջոցով գաղտնի տվյալներ հավաքելու համար: