Ստավրոպոլում հայկական պետհամարանիշով մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ
ՌԴ «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին 6 մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է stv24.tv-ն՝ ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության Ստավրոպոլի երկրամասի հարցերով վարչության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիյ Սինիցինին հղումով:
Վթարը տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը մոտ 9:00-ի սահմաններում՝ հայկական պետհամարանիշով Honda մինիվենի, KIA մեքենայի, Մոզդոկ-Կրասնոդար երթուղին իրականացնող Mercedes միկրոավտոբուսի, Hyundai մակնիշի բեռնատարի, «ՎԱԶ-2112» և «ՎԱԶ-2112» մեքենաների մասնակցությամբ:
Հաղորդվում է 6 տուժածի մասին, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Պետավտոտեսչության տվյալների համաձայն՝ 6 մեքենաներում եղել է 32 մարդ:
Ենթադրաբար, վթարի պատճառ է դարձել արագության գերազանցումը և վարորդների կողմից մեքենաների միջև հեռավորություն չպահելը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: