Կյանքը ժողովրդավարության իրական բաստիոնում. պետական միջոցները վարչապետի եւ նրա կնոջ սեփականությունը չեն
Իսրայելի վարչապետի տիկինը՝ Սառա Նեթանյահուն դատարանի կողմից պարտավորվել է վճարել 55 հազար շեքել (15 հազար դոլար), պետական միջոցները երեք տարի շարունակ չարաշահելու համար:
Իսկ ի՞նչ է արել Սառա Նեթանյահուն: Նա ընդամենը ռեստորաններից վարչապետի նստավայրի համար սնունդ է պատվիրել եւ վճարել պետական միջոցներով, այն դեպքում, երբ նրանք պետական հաստիքով աշխատող շեֆ-խոհարար ունեն:
Մեկ տարվա դատաքննությունից հետո վարչապետի կինն ընդունել է իր մեղավորությունը եւ համաձայնել վճարել տուգանքը:
Պարզվել է, որ Սառա Նեթանյահուն ծախսել է մոտ տասը հազար դոլար, որը պարտավորվել է մարել տասնմեկանգամյա վճարումներով:
Սկզբում նրան մեղադրում էին մեքենայության համար, բայց վարչապետի կինը ասել է, թե չի իմացել, որ իրենք կարող են օգտվել շեֆ-խոհարարի ծառայություններից, ինչը եւ մեղմել է մեղադրանքը:
Իսրայելի օրենսդրության համաձայն, խոհարարի առկայության դեպքում արգելվում է պետական միջոցների հաշվին սննդի ձեռք բերումը:
Մեղադրող կողմը արելի է իր հետեւությունը. «Դատարանի որոշումը նշանակում է, որ մարդը, որը մուտք ունի դեպի պետական միջոցները, չի կարող դրանք տնօրինել այնպես, ինչպես սեփական նյութական միջոցները»:
Նեթանյահուների խնդիրներն իրավապահ մարմինների հետ այսքանով չեն ավարտվել: Վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրում են կոռուպցիայի մեջ, մասնավորապես, նրան մեղադրում են թանկարժեք նվերներ ընդունելու, կաշառք վերցնելու, ինչպես նաեւ խոշոր լրատվամիջոցների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու փորձերի համար:
Բնականաբար, վարչապետը հերքում է մեղադրանքները, հայտարարելով, որ դրանք հորինել են իր քաղաքական հակառակորդները: Այսուհանդերձ, նրա կնոջ գործը, ինչպես նաեւ նրան ներկայացվող մեղադրանքները հուշում են, թե ինչպես է լինում ժողովրդավարության իրական բաստիոններում:
Top-News.am