Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կվերականգնի հարաբերությունները Կիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կվերականգնի գործակցությունը Կիևի հետ, չնայած Ուկրաինայի քաղաքական էլիտայի հետ ունեցած բարդ հարաբերություններին: Այդ մասին նա ասել է МИР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է Известия-ն:
Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է նա պատկերացնում երկու երկրների հարաբերությունների ապագան Վլադիմիր Զելենսկիի իշխանության գալուց հետո:
Նրա խոսքով՝ հարաբերությունները երկու եղբայր ժողովուրդների միջև վաղ թե ուշ պետք է վերականգնվեն: Միաժամանակ, ըստ Պուտինի, այդ հարաբերություններն այլևս կախված չեն լինի գործող կամ նախկին քաղաքական գործիչների հետ ունեցած փոխգործակցությունից:
ՌԴ նախագահը ենթադրել է, որ Ուկրաինայի նախկին իշխանությունը հատուկ ջանքեր էր գործադրում Արևմուտքի հետ մերձենալու համար, քանի որ նրանց բոլոր խնայողությունները պահվում էին արտերկրում:
Ավելի վաղ, հունիսի 7-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքը չի հրաժարվում հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ և հույս էր հայտնել, որ մի օր երկու պետությունների ղեկավարները կճանաչեն միմյանց: