Գույքագրում ենք Երևանի բոլոր գետնանցումները․ Հայկ Մարության
2018 թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե ինչու են կանաչապատման, ինչպես նաև վերելակների վերանորոգման հոդվածներով լուրջ կրճատումներ արել։
«Թվերը չեմ ասում, եթե մենք նախորդ որևէ տարվա հետ համեմատած լուրջ կրճատում ենք անում, երկու հնարավորություն ունենք՝ կամ իրավական գնահատական տանք նախորդի աշխատանքին, կամ էլ խորը վերլուծություն անել, որ կես գնով այն գործը կարելի է անել, ինչու է արվել նախկինում»,-հարցրեց նա։
Պատգամավորը նաև նկատեց, որ մայրաքաղաքում լուսավորության հետ կապված խնայողության ռեժիմ չի պահպանվում, օրը ցերեկով լույսերը վառվում են։ Նաև հարցրեց, թե ինչու գետնանցումները վարձակալությամբ չեն տրամադրում, որպեսզի տնտեսվարողը մաքրությունն ու լուսավորությունն իր ձեռքը վերցնի։
Մարությանը նշեց, որ վերելակների պահպանման մասով այս տարվա համար դրված է աննախադեպ բարձր թիվ։ «Այսպիսի գումար երբևիցե չի տրվել՝ 130 մլն դրամ վերելակների պահպանման համար է նախատեսվել, այսինքն` ոչ թե կիսել ենք, այլ բարձրացրել ենք»,-ասաց նա։
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ երեկ հանդիպում են ունեցել կառավարությունում, ներկայացրել են ծրագիրը, որը կներկայացվի շահագրգիռ մարմիններին, որ նկատառում անեն ու սկսեն։ Բայց մինչ գլոբալ ծրագիրը, ասաց, որ իրենց ուժերով 20 վերելակ մրցույթի են դնում, գնելու են, տեղադրեն, որ հասկանան՝ ինչ խնդիրների կարող են հանգել, որ մեծ մոդելի վրա եզրակացության գան։
Կանաչապատման մասով նա ասաց, որ գնահատել են կանաչապատ տարածքների չափագրումը և հասկացել են, որ ճիշտ չի արվել, և դրա համար է կրճատում են արել։ «Նախնական տվյալներով՝ ստացել ենք, որ տարածքները քիչ են, բայց հետո, եթե հարկ լինի, բյուջեում տեղ ունենք՝ կհատկացնենք»,-ասաց նա։
Լույսի հետ կապված՝ քաղաքապետն ասաց, որ տեղի են ունենում ստուգման աշխատանքներ, պետք է միացված լինեն, որ իմանան՝ ինչ լույս փոխեն։ «Հնարավոր չէ անընդհատ վառվի»,-ասաց նա։
Անցումների հետ կապված՝ Հայկ Մարությանը նշեց, որ գույքագրում են ամբողջ Երևանի անցումները, բարդ ու երկար պրոցես է։ Ըստ նրա՝ վարձակալությունները խառն են տրված, ոչ բավարար վարձավճար է վերցվում օգտագործողներից, և իրենք վերանայում են։