Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Էրդողանի կողմից Ցեղասպանության զոհերի պիտակավորումը
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որում հերթական անգամ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»: Միջոցառումներից մեկի ժամանակ էլ նա ընդգծել է, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետևանքով:
«Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում»,- ասել էր նա: