Ոստիկանությունը եւ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել. Կարինե Աճեմյան
Ժամանակն է, որ մարդիկ իրենց վերաբերմունքը ցույց տան ներկայիս իշխանություններին։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։
Նրա խոսքով՝ հենց առաջին օրվանից ինքը շատ վատ է զգացել, երբ իրենց կուսակցությունը համեմատել են ներկայիս իշխանության հետ։
«Տեսնում ենք պատգամավորներ, որոնք պատահաբար հայտնվել են ԱԺ–ում, լեքսիկոն, որը հարիր չէ ոչ միայն պարզապես կնոջը, այլ կին պատգամավորին, եւ այդ փողոցային բառապաշարով, որով իրենք խոսում են հենց ժողովրդի հետ, պարզապես համարում եմ անթույլատրելի։ Այն ժամանակ իրենք շատ մեծ «վայնասուն» էին անում որեւէ մեկի, որեւէ անզգույշ խոսքից, հիմա ես տեսնում եմ, որ համատարած դա է»,– ասաց Աճեմյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ–ն, որպես ինստիտուտ, քայքայման եզրին է։
«Արդեն լղոզված են՝ ընդդիմություն, իշխանություն. անհասկանալի իրավիճակ է։ Իշխանության ներսում տարբեր թեւեր են գործում իրարից անտեղյակ, որեւէ մեկը, որեւէ բովանդակային պատասխան հարցի շուրջ չի տալիս»,– ասաց Աճեմյանը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ–ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում է զբաղվել Արցախի հարցով, ինչն այս իշխանությունների մոտ չի ստացվում։
«Ռազմատենչ հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից, եւ իշխանական թեւի որեւէ ներկայացուցիչ չի կարողանում կամ հակադարձել, կամ պատասխանել։ Էլի հնչում է ՀՀԿ–ի կողմից։ ՀՀԿ–ն պահպանում է իր բոլոր գործընկերների հետ հարաբերությունները արտաքին աշխարհում, մենք ԵԺԿ–ի անդամ ենք եւ շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, իսկ այդ հարաբերությունները օգնել են մշտապես, որպեսզի մենք կարողանանք Արցախի հարցը որեւէ հարթակում քիչ–քիչ լուծել»,– ասաց Աճեմյանը։
Նրա խոսքով՝ Փաշինայնի խոսքերին այլեւս պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ նա անում է արտահայտություններ, որից հետո իրեն չի հետաքրքրում, թե ինչ կարող է լինել, իսկ դրանց արդյունքում տուժում են նաեւ ուժային կառույցները։
«Անընդհատ ինչ–որ ասֆալտին փռելը, մարդկանց զգեստի գույնի հետ կապված դատողություններ անելը. նույն ոստիկանությունը, նույն դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել»,– ասաց Աճեմյանը։
Նա վարչապետի ընտանիքի անդամներին խորհուրդ տվեց քաղաքականության մասին չխոսել։
«Եթե դու քաղաքականության մասին որեւէ բան ես ասում, ուրեմն դու պետք է հասկանաս, թե դա ինչ է առհասարակ, եւ ընդհանրապես, ներխուժել մարդկանց կյանք եւ զբաղեցնել քո կերուխումերով կամ զբոսանքներով, դա կարծում են հենց այն է, ինչը, որ իրենց մոտ ստացվում է»,– եզրափակեց Աճեմյանը։