ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը չի ստացել տեղեկություն այն մասին, որ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը չի ստացել տեղեկատվություն այն մասին, որ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել: Lրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկություն դեսպանատունը չի ստացել: Ես գիտեմ այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում: Այդ հարցը մեկնաբանելու համար լրատվամիջոցների մեկնաբանությունների վրա պիտի հիմնվեմ, բայց կարծում եմ՝ դուք դա չեք ակնկալում, չարժի, որ դրանց վրա հիմնվելով մեկնաբանեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: