Հարավային Օսիայի նախագահը բարի նախանձով նախանձում է Արցախի ժողովրդին
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը բարի նախանձով նախանձում է Արցախի ժողովրդին:
«Դա լեռնային երկիր է, որն ունի քաղաքական առավել մեծ խնդիր, քան Հարավային Օսիան: Այն գտնվում է տնտեսական շրջափակման մեջ: Ադրբեջանը ձգտում է փակել այդ հանրապետության համար բոլոր ուղիները: Միեւնույն ժամանակ, նրանց մոտ գործում է հանքարդյունաբերության խոշոր ձեռնարկությունը, որտեղ պղինձ են արդյունահանում: Միայն այդ ձեռնարկությունից ստացված շահույթը կազմում է մոտ 40 մլն դոլար»,- ասել է Բիբիլովը՝ ամփոփելով Արցախ կատարած այցը, հաղորդում է «Սպուտնիկ Օսիա»-ն:
Նա նշել է, որ Արցախին աջակցում են ողջ աշխարհում հարուստ հայերը, որոնք շատ դեպքերում արցախցի չեն:
«Ցավոք, նման մշակույթ մենք չունենք: Մենք միայն ուրախ կլինենք նման օգնությանը»,-ասել է Հարավային Օսիայի նախագահը:
Նա պատմել է, որ այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախում Հարավային Օսիայի մշակույթի օրեր եւ Հարավային Օսիայում Արցախի մշակույթի օրեր անցկացնելու շուրջ: Նման համագործակցությունը, նրա խոսքով, կաճի՝ չնայած երկու հանրապետությունների միջեւ հեռավորությանը: