Համակիրնե՞ր, թե Sturmabteilung
Կառավարող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը, որը համատեղության կարգով նաեւ պատգամավոր է, թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է, թե իրենք պատրաստվում են կանոնադրական փոփոխություններով ներդնել համակիրների ինստիտուտը:
Իհարկե, առաջին տպավորությունն այն է, թե ՔՊ-ում ուզում են ասել, թե տեսեք-տեսեք մեր շարքերը համալրողների պակաս չկա, բայց մենք ընտրելու ենք լավագույններից լավագույններին, բայց սա միայն առաջին հայացքից:
Իրականում, կանոնադրական փոփոխություններով համակիրների ինստիտուտի ներդնումը բխում է առկա մեկ այլ իրողությունից: Դատարանների շրջափակման անհաջող ակցիան, իշխանության աջակիցների ձախողված եւ սկանդալային հանարահավաքը Ազատության հրապարակում բացեց ՔՊ-ի ղեկավարության աչքերը, որոնք հասկացան, որ իրավիճակ է փոխվել:
Իրավիճակը փոխվել է, բայց ՔՊ-ին նախկինի նման աջակիցներ են պետք, որոնք մեկ հրահանգով դուրս կգան տներից եւ կշրջափակեն ցանկացած շենք եւ շինություն: Այնպիսի տպավորություն է, որ այդ մասովկան ապահովող կազմակերպությունն այլեւս հրաժարվում է նման աջակցություն ցուցաբերել, իսկ մարդկային ռեսուրսի կարիք կա:
Եւ հենց այստեղ ի հայտ է գալիս համակիրների ինստիտուտի անհրաժեշտությունը: Համակիրներ, որոնք ամեն ինչ պետք է անեն ՔՊ-ում ամրանալու համար: Հենց նրանք, ըստ մտահղացման, պետք է առաջին իսկ կոչով, հրահանգով դուրս գան փողոց եւ անեն այն, ինչ արել են դարչնավերնաշապիկ գրոհայինները եվրոպական մի երկրում մոտ հարյուր տարի առաջ: Եւ այստեղ հարց է առաջանում՝ ՔՊ-ին համակիրներ, թե՞ շտուրմաբթայլունգ է պետք:
Ինչպես ասում են, ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը: Պարզապես հետաքրքիր է, թե ովքեր եւ ինչու պետք է շտապեն դառնալ ՔՊ-ի համակիր:
Վարդան Մխիթարյան
Top-News.am