Անմեղ եւ արդար Վահե Գրիգորյանը
«Վահե Գրիգորյանն ամբողջությամբ արդարացվել է եւ ռեաբիլիտացվել է: Նա արդար է եւ անմեղ»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի մասին:
Այո, նա արդար է եւ անմեղ: Նայում ես նրա բարի աչքերին եւ անմիջապես հասկանում, որ նա ոչ միայն արդար է, այլ նաեւ անմեղ: Նա երկրագնդի միակ անմեղ մարդն է:
Շուտով, շատ շուտով, ըստ օդում կախված լուրերի, Վահե Գրիգորյանին Արտակ Զեյնալյանն առաջադրելու է սրբադասման: Հավանաբար շուտով անգամ ստորագրահավաք կսկսվի: Իսկապես, ինչո՞ւ սրբերի դասին հենց կենդանության օրոք չդասել մեկին, որը ոչ միայն արդար է, այլ նաեւ անմեղ:
Արտակ Զեյնալյանը, ըստ նույն օդում կախված լուրերի, ուսումնասիրություն է իրականացրել եւ պարզել, որ Վահե Գրիգարյանն անգամ մանկապարտեզում եւ դպրոցական առաջին տարիներին աղջիկների հյուսերից չի քաշել, իսկ հետո, ավելի ուշ անգամ ICQ-ով եւ «Օդնոկլասնիկով» աղջիկներին չի խոսացրել:
Նա արդար է եւ անմեղ: Այնքան արդար եւ անմեղ, որ անգամ ֆեյսբուքում ֆեյք էջեր չունի: Եւ այս մարդուն ինչպես չի նկատել Հայ Առաքելական Եկեղեցին կամ Կաթոլիկ եկեղեցին: Նա քայլել է մեր կողքով, քայլում է մեր կողքով լինելով կատարյալ անմեղ եւ արդար:
Նույն անմեղությամբ եւ արդարությամբ էլ նա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սենյակում հանձնարարականներ է ստացել եւ շտապել այն ի կատար ածել: Նույն անմեղությամբ էլ նա եվրադատարանում տապալել է Ադրբեջանի դեմ հարուցված քրեական գործը:
Լուրեր են պտտվում, որ Արտակ Զեյնալյանն արդեն երկար ժամանակ իր աշխատասենյակի մի անկյունում փակցրել է Վահե Գրիգորյանի մեծադիր պատկերանկարը եւ հաճախ, կարեւոր որոշումներ կայացնելիս մտովի շփվում է նրա հետ:
Ականատեսներ կան, որոնք վկայում են, որ Վահե Գրիգորյանը դիպչում է ՔՊ-ականներին եւ նրանք անմիջապես դառնում են ամենագետ եւ խիզախորեն համաձայնվում լինել պատգամավոր, նախարար, վարչության պետ, քաղաքապետ, չունենալով դրա համար ոչ փորձ, ոչ էլ գիտելիքներ:
Իսկ ի՞նչ է անելու այս անմեղ եւ արդար մարդը Սահմանադրական դատարանում: Կարծում ենք, որ ստորագրահավաք պետք է նախաձեռնել եւ նրան ուղարկել Տիբեթ, լամաների մոտ, որտեղ նա իր անմեղությամբ եւ արդարությամբ գիտելիքի հզոր պաշար կհանդիսանա լամաների համար:
Իսկ Արտակ Զեյնալյանին մնում է շնորհակալություն հայտնել նման բացահայտման համար, թե չէ անմեղ եւ արդար մարդը շարունակելու էր ապրել մեր կողքին, իսկ մենք այդ մասին չէինք իմանալու, կարծելով, թե նա...
Վահրամ Գեւորգյան
Top-News.am