Հեղափոխությունը լավ հնարավորություն էր
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «24News»-ին տված հարցազրույցում ասել է, թե կարծում է, որ Մարտի մեկի ողբերգական էջին պետք է տրվեր քաղաքական գնահատական, փակել այն եւ անցնել առաջ: Աշոտ Բլեյանը վստահ է, որ մարտի մեկը չպետք է դառնար դատաքննության նյութ:
Նրա համոզմամբ, քաղաքական գնահատականը օգտակար կլիներ բոլորի համար, իսկ դատաքննությունը, որը որեւէ հարցի պատասխան չի տալու, միայն լավ հնարավորություն է լինելու պղտոր ջրում ձուկ որսացողների համար:
Աշոտ Բլեյանը նաեւ շեշտել է, որ չէր հասկանա Արցախի ներկա եւ նախկին նախագահներին, եթե նրանք դատարան չներկայանային երաշխավորությամբ, ավելացնելով, թե չի կարծում, որ միայն այդ երաշխավորությունն է հիմք ծառայել դատավորի համար Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի մասին, Աշոտ Բլեյանը նկատել է, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ինքը լինելով քաղհալածյալ քաղաքական գործիչ, այսօր, եթե առաջնորդվեր նեղ անձնական շահերով, «մուռ» հանելու տենչանքով, ապա պետք է մոռանար հանրության, երկրի շահը եւ կանգներ մի կողմում եւ ուրախանար տեղի ունեցածով:
«Միայն փոքր մարդ կարող ես լինել հանրային շահը ստորադասելու համար»,- համոզված է կրթահամալիրի ղեկավարը, որը վստահ է, որ այս գործն ունի երրորդ ամենակարեւոր կողմը՝ հանրային շահը ներկայացնողները:
Աշոտ Բլեյանի կարծիքով, հեղափոխոթւյունը լավ հնավորություն էր բոլորի համար։ Շեշտելով, որ անցած տարվա հեղափոխությունը լավ հնարավորություն էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար, որ նոր իրավիճակում օգտագործելով իր փորձը, գիտելիքները, իր միջոցները ներդնի Հայաստանի, այդ թվում Արցախի զարգացման վրա, բայց նրան մղում են անկյուն եւ նա իր ժամանակը, նյութական եւ ոչ նյութական միջոցները ստիպված է ուղղել իրեն ներկայացված մեղադրանքից պաշտպանվելու համար:
Նրա համոզմամբ առանց բաց եւ շահագրգիռ երկխոսության հնարավոր չէ հասնել ներհայաստանյան համաձայնության, իսկ առանց այդ համաձայնության անհնար է հասնել հայ-ադրբեջանական համաձայնության, որը, ըստ պրն Բլեյանի, անհրաժեշտություն է թե հայերի, թե ադրբեջանցիների համար, որոնք ուզեն, թե չուզեն ապրելու են կողք-կողքի:
Ինչ վերաբերում է անցումային արդարադատության գաղափարին, ապա պրն Բլեյանի համոզմամբ, դատական համակարգը պետք է բարեփոխել առանց շտապելու, առանց էմոցիաների եւ առանց ավելորդ լարվածության եւ հասարակական համերաշխության միջավայրում: