«Մենք էշի ականջում քնած ենք»
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով. «Իրանի շուրջ իրադարձություններն ընթանում են գլխապտույտ արագությամբ, իսկ մենք էշի ականջում քնած ենք ու հայտնի անեկդոտի պես՝ հույսներս միայն Աստծու վրա ենք դրել»:
168.am-ը Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ է տեղի ունենում Իրանում, որին չի արձագանքում Հայաստանը։
– Պարոն Ոսկանյան, այս պահին ի՞նչ է կատարվում Իրանում, ի՞նչ իրադարձություններ են այնտեղ արագ զարգանցում։
– Իրանում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են որոշակի փոփոխություններ կրող իրավիճակով, ինչը պայմանավորված է թե՛ ամերիկյան կողմի հայտարարություններով և քայլերով, թե՛ իրանական կողմի հայտարարություններով։ Մասնավորապես՝ մեզանում որևէ ուշադրության չարժանացավ այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների սրման համատեքստում առաջացել է ռիսկայնություն մեկ այլ ռիսկայնության մասով, որի մասին ավելի վաղ էինք զգուշացրել։
Խոսքը վերաբերում է Հայաստանի բանկային ոլորտին և «Ինեկոբանկի» հայտարարությանը, որի տեքստը որոշակիորեն միտված է նրան կամ ցույց է տալիս, որ Հայաստանն ունենալու է որոշակի դժվարություններ՝ կապված Իրանի հետ տնտեսական հարթություններում հարաբերությունները զարգացնելու հետ։ Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակության են։ Փաստացի գտնվելով ադրբեջանաթուրքական շրջափակման մեջ, բեռնափոխադրումների մեր հարավային ուղին ունի կենսական նշանակություն ոչ միայն տնտեսական առումով, այլև աշխարհաքաղաքական իմաստով։ Հետևաբար՝ այս խնդիրներին ուշադրություն չդարձնելը կամ չքննարկելը չի բխում մեր շահերից։
Մյուս կողմից՝ գիտենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն առ այն, որ մոտավորապես երկու շաբաթ առաջ ԱՄԷ-ի ափերի մոտ նավթային լցանավերի վրա հարձակումն Իրանի ձեռքի գործն է՝ լրջագույն սպառնալիք է, քանի որ ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փաստացիորեն մեղադրում է Իրանին ինչ-որ առումով պատերազմական գործողության մեջ, ինչից կարող է բխել հնարավոր պատասխանի տրամաբանությունը։ Այս իմաստով Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները և գործողությունները բավականին լուրջ ռիսկայնություն են առաջացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարելի վերջնականապես բացառել լոկալ մակարդակով բախման հնարավորությունն Իրանի և ԱՄՆ-ի միջև, ինչը, բնականաբար, հղի է ողբերգական հետևանքներով։
Հետևաբար՝ կարծում եմ՝ մեր ներքաղաքական խոսույթում տեղ գտած բազմաթիվ խնդիրներ, ըստ էության, փակում են խոսույթի հնարավորությունը ՀՀ արտաքին քաղաքական միջավայրի մասին։
Մենք վերջին շրջանում մշտապես կենտրոնացած ենք Հայաստանի ներսում ընթացող գործընթացներով, որոնց մի մասը, չեմ կարծում, որ այդքան կարևոր են, քանի որ ուշադրությունից դուրս ենք թողնում մեր արտաքին քաղաքական հարթությունը, որը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում զարգացումները, Ադրբեջանում ընթացող գործընթացները։ Այս իմաստով ավելի լուրջ մոտեցումների կարիք ունի Հայաստանը՝ կապված արտաքին քաղաքականության հարթության հետ։