Հաագայում տոնել են Շառլ Ազնավուրի 95-ամյակը
Մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։
Համերգին ներկա են եղել Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արդարադատության միջազգային դատարանի ղեկավարությունը, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, արվեստի գործիչներ, գործարար շրջանակների և հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպմանը ներգրաված կազմակերպություններին, նշելով, որ այդպիսով հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի Ազգային հերոս և Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթի լավագույն դեսպան Շառլ Ազնավուրին և նրա ժառանգությանը։ «Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»:
Այսօր հավասարապես կարող ենք հավելել՝ և հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի: Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:
Եվ եթե Ազնավուրը ճանաչվել է «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան նրան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը նրան Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար նա այն այցեքարտն է, որի շնորհիվ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում», ասել է դեսպան Բալայանը։ Հանդիսավար, Հաագայի «Club Amitie» ակումբի ղեկավար Դոմինիք Պետերսը (Dominique Peters) ներկայացրել է Շառլ Ազնավուրի անցած ուղին և նվաճումները երաժշտության բնագավառում, նրա մարդասիրական գործունեությունը։
Ներկաները դիտել են «Ազնավուր» հիմնադրամի կողմից հատուկ Հաագայում կայանալիք համերգի համար տրամադրված Շառլ Ազնավուրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։ Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել դաշնակահար Արայիկ Միրզոյանը, Հաագայի ֆրանսիական դպրոցի սաների «Aznaband» երգչախումբը, երգիչ Վարդգես Խանջարյանը։ Համերգին հաջորդել է տոնական ընդունելություն։