КоммерсантЪ-ն անդրադարձել է Ադրբեջանի հանդեպ հայկական կողմի անվստահության պատճառներին
Ռուսաստանյան լրատվամիջոցներից КоммерсантЪ պարբերականն ընդարձակ անդրադարձ է կատարել այն հարցին, թե ինչպես են Հայաստանում ու Ադրբեջանում դիտարկում երկու երկրների հասարակությունների միջև վստահության հաստատման վերաբերյալ հարցը:
Աղբյուրը հիշեցնում է դեռևս ապրիլին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումն ու արդյունավետ բանակցային գործընթաց հաստատելու պատրաստակամության մասին հայտարարությունները: Միևնույն ժամանակ հայտնում է, որ այս հարցում առայժմ ակնառու առաջընթաց չկա: Որպես օրինակ՝ նշվում է բրիտանական «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլին չմասնակցելու փաստը:
Աղբյուրը գրում է, որ այս օրինակը ցույց է տալիս, թե ինչ փուլում են գտնվում երկու երկրների հարաբերություններն ու դրանք բարելավելու հեռանկարները:
Շարունակելով երկու երկրների բնակիչների՝ միմյանց նկատմամբ ձևավորված վերաբերմունքը՝ հոդվածի հեղինակը հիշում է 2004 թվականին Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը: Ինչից հետո Ադրբեջանում նրան հերոսի կոչում շնորհվեց՝ գույքային պարգևատրումների հետ միասին: Հեղինակը մեջբերում է Ադրբեջանի իշխանության ներկայացուցչի խոսքն այն մասին, որ այդ երկրի բնակչության հիմնական մասը դատապարտում է մարդասպանին հերոսի կոչում տալու փաստը:
«Նա պարզապես մեր երկիրը վատ դրության մեջ դրեց: Իսկ հիմա հայերը յուրաքանչյուր հնարավորության դեպքում տեղի ունեցածն օգտագործում են, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, այդ թվում՝ բանակցային գործընթացում»,- աղբյուրը մեջբերում է Ադրբեջանի իշխանության ներկայացուցչի խոսքը:
Հոդվածում ներկայացվում է դեռևս անցած տարվա փետրվարին Հայաստան այցելած, ադրբեջանական Turan գործակալության խմբագիր Շահին Գաջիևայի հետ ունեցած զրույցը: Խմբագիրը հայտնում է, որ Հայաստան այցելելու համար ինքը մոտ 7 ամիս բանակցություններ է վարել իր երկրի իշխանությունների հետ և 5 ամիս՝ Հայաստանի իշխանությունների հետ:
Ասում է, որ Ադրբեջանում իրեն կասկածանքով են վերաբերվել՝ հարցուփորձ անելով, թե ինչու և ում ֆինանսավորմամբ է պատրաստվում Հայաստան գալ:
Միևնույն ժամանակ, աղբյուրը մեջբերում է ադրբեջանցի խմբագրի խոսքն այն մասին, որ Երևանի փողոցներով զբոսնելիս նա որևէ ագրեսիվ վերաբերմունքի չի արժանացել, ինչն, իր խոսքով, ավելի դժվար է պատկերացնել այն դեպքում, եթե հայը քայլեր Բաքվի փողոցներով: