450 մլն դոլար. Լուվրը հրաժարվել է Դա Վինչիին նվիրված խոշոր ցուցահանդեսում ներկայացնել աշխարհի ամենաթանկ կտավը
2017թ. հեղինակավոր Christie’s աճուրդի տան կողմից ռեկորդային գնով վաճառված «Սալվատորե Մունդի» կտավը, որի համար վճարվել էր 450 մլն դոլար, չի ցուցադրվի Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված փարիզյան խոշոր ցուցահանդեսին:
Ինչպես նշում է The Guardian-ը, որոշման պատճառն այն է, որ Լուվր թանգարանի մասնագետները վստահ չեն, որ կտավն իրականում պատկանում է Վերածննդի դարաշրջանի հանճար Դա Վինչիի վրձնին:
Ամբողջ աշխարհում հարգանք վայելող մասնագետների մի մասը ասում է, որ կտավի հեղինակն իսկապես Դա Վինչին է, մինչդեռ մյուսներն այլ տեսակետ ունեն: Ուստի՝ Լուվրը չի կարող այն ցուցադրել, քանի դեռ վստահ չէ, որ դա իսկապես Դա Վինչիի աշխատանքներից է:
Հայտնի է, որ կտավն աճուրդում ձեռք էր բերել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը, որը կտավը պետք է փոխանցեր Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղին: Այնուհետև կտավն Աբու Դաբիից պետք է ուղարկվեր Փարիզ, որտեղ այն կցուցադրվեր նկարչի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին: