Brexit-ը ցանկացած պարագայում կկայանա հոկտեմբերի 31-ին. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիան ամեն դեպքում դուրս կգա Եվրամիության կազմից հոկտեմբերի 31-ին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին առաջատար թեկնածու են համարում իշխող Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարում:
«Մենք ԵՄ-ից կհեռանանք հոկտեմբերի 31-ին` համաձայնագրով կամ առանց համաձայնագրի», - ասել է Ջոնսոնը: Նա նաև կարծիք է հայտնել, որ «լավ գործարք կնքելու միջոցը Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալուն պատրաստվելն է»:
Բրիտանական կառավարության ներկայիս ղեկավար Թերեզա Մեյն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ որոշում է կայացրել հունիսի 7-ին Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին: Միևնույն ժամանակ նա կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, քանի դեռ իշխող կուսակցության նոր ղեկավար չի ընտրվել: