Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի նշանակման ժամկետը
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը մինչև հուլիսի 20-ը նոր ղեկավար կունենա, հետևաբար` մինչ նշված ժամկետը կնշանակվի նաև երկրի նոր վարչապետը, գրում է businesstimes.com-ը՝ կուսակցության հայտարարությանը հղումով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր հունիսի 7-ին լիազորությունները վայր դնելու մասին: Վարչապետին նման հայտարարության են դրդել կուսակիցները՝ ներառյալ նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից «Բրեքզիթ»-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի ընթացքից:
Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պաշտոնապես կսկսվի հունիսի 7-ին: Ներկայում այդ պաշտոնի հիմնական հավակնորդը երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է: Վերջինս արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Առաջադրվելու հնարավորությունը դիտարկում են նաև Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, արտգործնախարար Ջերեմի Հանթը և ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: