Ադրբեջանում թալիշները զրկված են լեզվի, մշակույթի, պատմության ուսումնասիրման հնարավորությունից. Հայաստանում անցկացվում է թալիշագիտական գիտաժողով
Այս օրերին Հայաստանում ընթանում է Թալիշագիտական 3-րդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Իրանից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ամերիկայից, Ադրբեջանից, Հայաստանից:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր խոսքում նշեց, որ գիտաժողովի անցկացումը ապացուցում է, որ Հայաստանը թալիշագիտության ոլորտում առաջատար պետություն է, նա նաև նշեց, որ չի վախենա ասել՝ համար մեկ պետությունն ընդհանրապես աշխարհում: «Աշխարհի որևէ երկրի համալսարանում թալիշերենը, թալիշների մշակույթը, պատմությունը չեն ուսումնասիրվում առանձին, բացի Հայաստանից»,- ասաց նա:
Իսկ թե ինչու հենց Հայաստանն ու ԵՊՀ-ն են կազմակերպում, ըստ Ոսկանյանի, պատասխանը պարզ է. «Հայաստանը և հայ ժողովուրդը պատմական զանազան քառուղիներում իրենց հիմնական առաքելությունը համարել են ոչ միայն սեփական մշակույթի, լեզվի, գրականության, գրչության պահպանումն ու զարգացումը թե զենքով, թե գրչի ուժով, այլ նաև մշտապես մարդասիրական աջակցություն են տրամադրել տարածաշրջանի իրենց հետ հազարամյակներ ապրած և ապրող բոլոր ժողովուրդներին: Մեր այսօրվա գիտաժողովը բացառապես ակադեմիական ուղղվածություն ունի. գիտական-կրթական և մշակութային միջոցառում է, որի ընթացքում անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում շատ դեպքերում, ցավոք սրտի, մոռացության մատնված, չափազանց կարևոր և պատմական խորը արմատներ ունեցող մի ժողովրդի՝ թալիշներին: Ժողովուրդ, որը զրկված է սեփական լեզվով խոսելու, սեփական մշակույթը ուսումնասիրելու, սեփական ինքնությունը պահպանելու, սեփական պատմությանն անդրադառնալու մեզ համար տարրական թվացող իրավունքներից»,- նշեց նա:
Ոսկանյանի խոսքով՝ այդ պատճառով է, որ Հայաստանի մտավորական շրջանակները ոչ միայն իրենց պարտքը պետք է համարեն զարգացնելու թալիշագիտությունը մեր երկրում, այլ նաև ժողովրդական դիվանագիտության սահմաններում աջակցություն տրամադրել, մասնավորապես, թալիշներին:
«Այսօր մենք ունենք հյուրեր թե՛ հյուսիսային Թալիշստանից, թե՛ Իրանից, մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են թալիշ ժողովրդի պատմության, մշակույթի, լեզվի ուսումնասիրությամբ: Ունենք հյուրեր, որոնք սերում են ադրբեջանական հանրապետության մեջ գտնվող Թալիշստանից, որոնք ենթարկվել են նաև քաղաքական հալածանքների, չափազանց պարզագույն հարցերի՝ օրինակ, սեփական լեզուն քարոզելու համար»,- ասաց նա և նշեց, որ գիտաժողովին ներկա է նաև Իրանի մշակույթի կցորդը:
«Ունենք թալիշ հյուրեր եվրոպայից, որոնք զարգացնում են թալիշագիտությունը եվրոպական համալսարաններում, մասնավորապես, Ֆրանսիայում»,,- ասաց նա:
Նշենք, որ գիտաժողովին ուղերձ էին ուղարկել Թալիշ-Մուղանական հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովը և Ռուսաստանում բնակվող թալիշական սփյուռքի ղեկավար Իսմայիլ Շաբանովը:
Հումմաթովի ուղերձում, մասնավորապես, նշվում էր, որ շնորհակալ է բարեկամ Հայաստանից նման գիտաժողով կազմակերպելու և թալիշական մշակույթը ներկայացնելու համար և շեշտում էր, որ Ադրբեջանում իրենք զրկված են այդ իրավունքից: «Բազմաթիվ թալիշներ, որոնք փորձել են խոսել թալիշերեն, ուսումնասիրել իրենց պատմությունը ենթարկվել են ճնշումների, հետապնդումների, բանտարկվել են և անվանվել դավաճան»,- նշվում էր թալիշների նախագահի ուղերձում:
Այնուհետև ելույթ ունեցավ ՌԴ-ից թալիշ պատմաբան Զահիրադդին Իբրահիմին, ով ևս շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին ողջ թալիշ ժողովրդի անունից:
Վերջինս հանդես եկավ «Ադրբեջանական ազգայնականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի և անվտանգության սպառնալիք» վերնագրով զեկույցով:
Նա նշեց, որ հիմա փորձ է արվում երկու բարեկամ ժողովրդներին՝ հայերին և թալիշներին թշնամացնել, սակայն վստահություն հայտնեց, որ դա ոչ ոքի չի հաջողվի:
«Մենք ականատես ենք լինում անկախ Ադրբեջանում բազմաթիվ փաստերի, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանն իրականացնում է հակաժողովրդական, հակազգային քաղաքականություն այն ժողովրդների հանդեպ, որոնք բնակվում են Ադրբեջանի տարածքում և փոքրամասնություն են»,- ասաց նա և հավելեց, որ իր զեկույցի վերնագիրը՝ Ադրբեջանական ազգայնականություն, դեռ հաճոյախոսություն է Ադրբեջանի վարած քաղաքականության հանդեպ:
«Կա ազգայանականություն, որը բերում է իր ժողովրդին անկախության, օրինակ՝ թալիշական ազգայանականությունն առաջադեմ է, իսկ ադրբեջանական ազգայնականությունը՝ ոչ: Ադրբեջանական ազգայնականությունը հիմնված է պանթյուրքիզմի վրա, այդ պատճառով այն չի կարող առաջադեմ բնույթի լինել, որովհետև պանթյուրքիզմը թուրքական ֆաշիզմ է նշանակում իր բնույթով»,- եզրափակեց նա: