Թուրքիայում ցմահ բանտարկված Օջալանը տևական դադարից հետո կհանդիպի փաստաբանների հետ
Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և վերջինիս փաստաբանների միջև հանդիպում է կայանալու։ Դա հնարավոր է դարձել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի՝ Օջալանի հետ հանդիպման արգելքը վերացվելու մասին հայտարարությունից հետո միայն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Որոշումից հետո Օջալանի փաստաբանները Բուրսայի դատախազություն համապատասխան դիմում են ուղարկել, որն էլ բավարարվել է։
Թուրքական աղբյուրը նշում է, որ 2011-ից մինչև օրս փաստաբանները 810 դիմում են ներկայացրել դատախազին Օջալանի հետ հանդիպելու համար, սակայն բոլորն էլ մերժվել են տարբեր պատճառներով։ Հայտնի է, որ երեկ առավոտյան փաստաբաններն արդեն մեկնել են Իմրալը կղզի՝ Օջալանի հետ հանդիպելու համար։
Հիշեցնենք, որ արգելքը սահմանվել էր Օջալանի և փաստաբանների վերջին հանդիպումից՝ 2011թ․ հուլիսի 22-ից հետո: