«Լիբիան քաղաքացիական պատերազմի շեմին է». ՄԱԿ
Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախազգուշացրել է, որ երկիրը կրկին հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին:
«Լիբիան քաղաքացիական պատերազմի մեջ հայտնվելու շեմին է կանգնած: Պատճառված վնասը փոխհատուցելու համար տարիներ կպահանջվեն: Հակամարտության հետևանքներն ու ռիսկերը սարսափելիորեն ակնհայտ են հատկապես հենց լիբիացիների համար. ավելի քան 460 զոհ, որից 29-ը խաղաղ բնակիչ է»,-ասել է Սալամեն:
Նա ընդգծել է, որ Լիբիայում հակամարտող կողմերը կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի՝ զենք չներկրելու վերաբերյալ էմբարգոն, ինչի հետևանքով նրանց մոտ զենք-զինամթերքի մեծ պաշարներ են կուտակվում:
Սալամեի խոսքով` բազմաթիվ երկրներ զենք են մատակարարում իրար դեմ կռվող բոլոր կողմերին, ինչով էլ սնում են արյունալի հակամարտությունը:
«ՄԱԿ-ը պետք է սրա վերջա տա»,-հայտարարել է Սալամեն:
Նա հավելել է, որ Տրիպոլիի տարածքում տեղի ունեցող բռնությունը Միջերկրական ծովի հարավային ափին տևական արյունալի հակամարտության սկիզբն է միայն:
Նշենք, որ ներկայում Լիբիայում հակամարտում են Ազգային համաձայնության կառավարության զինված ուժերն ու Լիբիայի ազգային բանակի ուժերը: