ՀՅԴ-ն մայիսի 23-ին հանրահավաք է հրավիրել
ՀՅ Դաշնակցությունը մայիսի 23-ին հանրահավաք է հրավիրում՝ «ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ մոտեցումներն ու տեսակետները»։
ՀՅԴ Գերագույն մարմինն այսօր տարածած հայտարարությունում նշում է՝ վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կրկին հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։
«Դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը», - ասված է հայտարարությունում։
Իրավիճակը գնահատելով տագնապեցնող՝ ՀՅԴ-ն նշում է՝ «սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի»։
«Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։ Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է», - ասված է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունում։