ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախնական համաձայնությունը չունի «Իմ քայլի» հետ. Լիլիթ Մակունց
«Լուսավոր Հայաստանը» առաջարկված ձևակերպումներով արտահերթ նիստ հրավիրելու նույնիսկ նախնական պայմանավորվածություն չունի «Իմ քայլը» խմբակցության հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Լուսավոր Հայաստանը չունի «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաև պարոն Մարուքյանին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար պահանջված ստորագրությունները հավաքվել են և նիստը կկայանա վաղը՝ 11:00-ին:
ԼՀԿ-ն առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։