Զելենսկին ԱՄՆ-ին խնդրել է խստացնել հակառուսական պատժամիջոցները
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Միացյալ Նահանգներից ժամանած պաշտոնական պատվիրակությանը, որը Կիև էր ժամանել նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:
Ինչպես նշում է vesti.ru-ն, հանդիպման ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար շատ հզոր և լուրջ գործընկեր է՝ նախևառաջ ռուսական ագրեսիայի հաղթահարման հարցում:
«Մենք ինքնուրույն չենք կարող հաղթահարել ռուսական ագրեսիան Դոնբասում և Ղրիմում, ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Կցանկանայի կոչ անել ձեզ, որպեսզի շարունակեիք հակառուսական պատժամիջոցների խստացումը»,-ասել է Զելենսկին:
Նա նաև ընդծել է, որ Ուկրաինան արժեքների և թափանցիկության առումներով ցանկանում է եվրոպական երկիր դառնալ:
Զելենսկին նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կունենա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում երդմնակալության պաշտոնական արարողության կապակցությամբ շնորհավորել կամ զանգահարել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը նախագահ Զելենսկիին կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հարցում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ նախագահի խոսնակը նշել է, որ չի կարող ասել՝ երբ տեղի կունենան առաջին դրական զարգացումները:
Ավելի վաղ Կրեմլը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հրաժարվել էր Զելենսկիին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: