Անցումային արդարադատությունը մեր երկրի տակ դրված միջուկային զենք կդառնա
Բազմաթիվ խնդիրներ ունեցող մեր երկրին, հազար ու մի հին ու նոր մարտահրավերների բախվող Հայաստանին լիակատար երջանկության համար պակասում է միայն անցումային արդարադատությունը:
Նրանք, ովքեր, այսպես կոչված, անցումային արդարադատության կողմնակից են, պատկերացում անգամ չունեն, թե դա ուր կարող է տանել մեզ եւ հավերժ թողնել այնտեղ, իսկ եթե ունեն, ապա պարզապես չեն սիրում մեր երկիրը:
Ընդամենը տեսեք, թե որ երկրներն են կիրառել անցումային արդարադատությունը: Տեսեք եւ պարզեք, թե ինչ են շահել այդ անցումային արդարադատությունից:
Ոմանք կարծում են, թե անցումային արդարադատությունը «սեւերին» գնդակահարելու է, խլելու նրա ունեցվածքը եւ բաժանելու «սպիտակ» աղքատներին: Հենց նման թյուր պատկերացում ունեցող զանգվածի վրա էլ հենվելով փորձում են մեզ բացատրել, թե մեր երկիրը անցումային արդարադատության կարիք ունի:
«Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը»,- երեկ ասել է Փաշինյանը։
Իսկ ի՞նչ եղավ հիմա եւ ինչու է կենսական անհրաժեշտություն: Մի՞թե պատճառն այն է, որ գտնվեց մի դատավոր, որը չսարսափեց «խելագարված ամբոխներից», որոնք հազիվ մի քանի տասնյակ էին յուրաքանչյուր դատարանի մետ: Իսկ գուցե անցումային արդարադատությա՞մբ ենք պատասխանելու ամեն օր զինվող եւ ներքին կայունություն պահպանող Ադրբեջանին:
Պարզվում է նաեւ, որ կառավարությունը յոթ-ութ ամիս անգամ ժամանակ եւ ռեսուրսներ է ծախսել այս ուղղությամբ: Սա արդեն բոլորովին լավ չէ: Ափսոս, որ Փաշինյանի թիմում, նրա շրջապատում չկա մեկը, որը նրան կասի, որ ոչ հիմա, ոչ էլ հետո Հայաստանում անցումային արդարադատություն չի կարելի ներդնել:
Մենք դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման կարիք ունենք: Այս ուղղությամբ պետք է աշխատենք, եւ ոչ թե մի հայտարարությունով ոստիկանությունն ու դատախազությունը դարձնենք հեղափոխական, իսկ դատարանները հակահեղափոխական:
Արմատական բարեփոխման կարիք ունի ոչ միայն դատարանը, դատական համակարգը, այլ առաջին հերթին ոստիկանությունն ու դատախազությունը:
Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
Սա անընդունելի պահանջ է, սա մարդու իրավունքների խախտում է, բայց մեկ այլ հարց, իսկ ինչո՞ւ նույնը չանել դատախազների նկատմամբ, բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ կամ նախարարների նկատմամբ: Իսկապես, շատերին է հետաքրքրում այս կամ այն նախարարի ունեցած կապերը:
Եւ վերջում մեկ անգամ եւս շեշտենք: Հայաստանը ոչ թե անցումային արդարադատության կարիք է զգում, այլ այդ անցումային արդարադատությունը վերջնականապես կկոտրի մեր երկրի առանց այն էլ կորացած ողնաշարը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am