ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Ոստիկանությունն ու Դատախազությունը լռում են
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»։ Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արված հայտարարությունն է, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում:
Tert.am-ը փորձեց ՀՀ իրավապահ կառույցներից ճշտել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որքանո՞վ է իրավաչափ և արդյո՞ք այն որպես հանցագործության մասին հաղորդում է ընդունվել:
Tert.am-ի հարցին՝ վարչապետի գրառումն ընդունվե՞լ է որպես հանցագործության մասին հաղորդում, և արդյո՞ք յուրաքանչյուր ոք կարող է գրառում ու կոչ անել պետական կառույցների մուտքերն ու ելքերը շրջափակելու մասին, Ոստիկանության լրատվական բաժնից չպատասխանեցին, փոխարենը՝ հորդորեցին դիմել Դատախազություն, այնինչ ոստիկանությունը սև հրապարակումներն ուսումնասիրելու ու դրանց ընթացք տալու լիազորություն ունի:
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ Tert.am-ին պատասխանեցից․ «Այս պահին չենք մեկնաբանում»։
ԱԱԾ-ից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին և կարճ հաղորդագրություններին:
Հատուկ քննչական ծառայության պատասխանն էլ Դատախազության պատասխանից չտարբերվեց: «Մենք չենք մեկնաբանում»,- ասացին մեզ։
Եվ այսպես, Tert.am-ի հարցը՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իրավական հարթության մեջ տեղավորվո՞ւմ է, թե՞ հանցագործության մասին հաղորդում է, ՀՀ նշված 4 կառույցից որևէ մեկը չմեկնաբանեց:
Մեջբերենք, թե ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը դատական իշխանության և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ.
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը
1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 332. Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը
1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
2. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: