Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին. Տեսանյութ
«Վերջին մեկ տարվա իրադարձությունները ի ցույց են դնում, որ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների մասին, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են ժողովրդի շրջանում»։ Այս մասին, քիչ առաջ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն։ Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ։
Եթե դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի բավարար լեգիտիմություն, ինչը այսօր ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, անվտանգությանը»,- հայտարարեց վարչապետը։
Ըստ նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո պարտավորվել է չմիջամտել դատական իշխանությունների գործունեությանը և փորձել սրբորեն պահպանել այդ պարտավորությունը։
«Ցավոք, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապիօրինի ազդեցություններին՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որոնք միմյանց հետ կապված են մարդկային, քաղաքական կապերով», – հայտարարեց վարչապետը։