Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիրմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպման անցկացման նախաձեռնությունը պետք է ամերիկյան կողմից լինի: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հիշեցրել է, որ Արգենտինայում 24 ժամվա ընթացքում չեղարկվել է երկու առաջնորդների՝ արդեն համաձայնեցված հանդիպումը: «Այս առումով, իհարկե, նախաձեռնությունը նոր հանդիպման համար պետք է ամերիկյան կողմից լինի», -պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ է Պուտինի հետ հանդիպելու Թրամփի ցանկության մասին, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվա կատարած այցելության ժամանակ հստակ առաջարկներ չի արել Օսակայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կազմակերպելու մասին:
Միևնույն ժամանակ Պեսկովը հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա: Նա նշել է, որ այն կարող է տեղի ունենալ «ոտքի վրա» կամ լիարժեք ձևաչափով: