Ադրբեջանցիները հնավայր են հայտնաբերել հայկական պատմական տարածքում
Ադրբեջանի ԳԱԱ գիտնականները երկաստիճան՝ ուշմիջնադարյան ու բրոնզեդարյան, հնավայր են հայտնաբերել իրենց Իմիշլի շրջանի Ղըզըլքենդ գյուղում, որը համընկնում է պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի արևելյան գավառների տարածքի հետ։ Հնավայրը Կուր և Արաքս գետերի խառնարանի արևմտյան հատվածում է։
Գտնվել են չբոված տուֆից կառուցված 55 սմ հաստությամբ պատերի մնացորդներ, որոնց միջև փորված են էմալապատ ու դրվագված թոնիրներ։ Նույն վայրում հայտնավերվել են նաև բազմաթիվ առօրյա օգտագործման առարկաներ՝ ապակե սպասք, ոսկրից պատրաստված իրեր ու բրոնզե դրամներ։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ հնավայրն ունի երկու աստիճան։
Բարձր մակարդակում ուշմիջնադարյան բնակավայրի մնացորդներ ու իրեր են, որոնք Չինգիզ խանի արշավանքների ժամանակակիցն են։ Իսկ ստորին շերտերը, ըստ ադրբեջանցիների, ՔԱ 1-ին հազարամյակի մնացորդներ են։
Ադրբեջանցիները, սակայն, չեն ներկայացնում որևէ նկար կամ տեսանյութ, որից հնարավոր կլիներ պարզել իրերի քաղաքակրթական պատկանելիությունը, դրամները հատողների ինքնությունը և այլն։ Որևէ տեղ չի նշվում հայկական հետքի մասին ու չի հիշատակվում՝ ինչ էթնիկ խմբի են պատկանել այդ բնակավայրի գտածոները։